Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը պատմական ու շատ կարևոր քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս քայլը կարող է շղթայական ռեակցիա ունենալ մյուս պետությունների դեպքում: Նա համոզված է, որ այլ պետություններ ևս կսկսեն քննարկել Հայոց ցեղասպանության հարցը իրենց խորհրդարաններում: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի աշխարհում:

«Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ նախագահը չմիջամտեց, չփորձեց գործընթացը կասեցնել: Մինչև հիմա տեսնում էինք, որ նման դեպքեր եղել են: Սա նշանակում է, որ ամերիկյան քաղաքական դասը եկել է համաձայնության այս հարցի շուրջ: Սկզբից գիտեինք, որ հանրապետականները դեմ էին, որ հարցը օրակարգ մտնի, հետո չկարողացան կանգնեցնել, այնուհետև նրանք էլ կողմ քվեարկեցին»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչո՞վ էր պայմանավորված, որ այս փուլում ԱՄՆ իշխանությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերեց օրակարգ, ավելին՝ եղավ քաղաքական համաձայնություն: Հարցին ի պատասխան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ խնդիրն ակնհայտ դժգոհությունն է Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ:

«Ամերիկյան քաղաքական դասի մոտ կա մեծ հիասթափություն Թուրքիայի քաղաքականության նկատմամբ՝ կապված մերձավորարևելյան զարգացումների հետ: Թուրքիայի գործողությունները դիտարկվում է որպես դավաճանություն դաշնակցային հարաբերություններում: Կարծում եմ, որ այդ պատճառով ԱՄՆ քաղաքական դասի մոտ ցանկություն է առաջացել պատժել Թուրքիային, և Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է այդ պատժամիջոցներից մեկը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում