ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի համոզմամբ՝ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված օրակարգը պահանջում է առնվազն սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը նման տեսակետ հայտնեց Երևանում «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» միջազգային գիտաժողովին:
«Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված օրակարգը պահանջում է առնվազն սկսել վիզաների ազատականացման հարցում երկխոսությունը: Սա այսօրվա պահանջն է, քանի որ ձևավորված օրակարգը, դրա բովանդակությունը, դրա օրակարգի իրականացումը ստիպում են»,-ասաց Ադոնցը:
Նա նշեց՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ երկխոսությունը սկսելու վերաբերյալ կոնսենսուս ձևավորվի անդամ բոլոր պետությունների միջև: Փոխնախարարը նկատեց՝ կոնսենսուսը դեռևս չկա՝ չնայած նրան, որ Եվրոպական միության ինստիտուտները դրական են տրամադրված, և բազմիցս հայտարարել են դրա մասին:
«Հայաստանում ձևավորված միջգերատեսչական խումբը, որում ներառված են ոստիկանության, արտգործնախարարության, միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ, այցելել է արդեն 10-ից ավել ԵՄ անդամ երկրներ, և քննարկվում են տեխնիկական հարցեր: Բայց հիմա կարող եմ ասել, որ այդ հարցը սկսել է կրել քաղաքական բնույթ»,-ասաց Ադոնցն ու հավելեց՝ այցելությունները և աշխատանքային խորհրդակցությունները շարունակվում են:
Փոխնախարարը նշեց՝ շատ է ուզում հավատալ, որ այդ ազատականացման վերաբերյալ երկխոսությունները կսկսվեն մինչև տարվա վերջ: