Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ձեռք բերել չորս ուղղաթիռ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբեր ամսին կհամալրվի ճապոնական 22 հրշեջ մեքենայով, իսկ Ռուսաստանի Դաշնությունից կստանա 26 միավոր տեխնիկա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ տեխնիկան շատ թանկ է, և մենք հաճախ փորձել ենք համագործակցել դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի պետության վրա շատ բեռ չլինի: Մենք հրշեջ տեխնիկա ունենք՝ ճապոնական, ռուսական»,- նշեց Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ ոլորտում անհրաժեշտ է ունենալ ուղղաթիռներ, որոնք օգտակար կլինեն հրդեհների մարման, մարդկանց տարհանելու, լեռներում և անտառներում կորած անձանց գտնելու համար:
«Այժմ ուղղաթիռ ձեռք բերելու լավ տարբերակ ենք գտել, որն իրականացնելու դեպքում կունենանք հրդեհաշիջման, ինչպես նաև մարդկանց տարհանելու ուղղաթիռներ: Այս հարցը Կառավարության միջոցով, կարծես թե, լուծվում է, սակայն դեռևս ժամկետներ չեմ կարող ասել: Նախատեսում ենք ձեռք բերել 4 ուղղաթիռ»,- շեշտեց ԱԻ նախարարը:
Ցոլակյանն ընդգծեց, որ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանը պայմանավորվածություններ ունի, որ հարկ եղած դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում նրանք օգնեն ավիացիայի միջոցով: