Մամեդյարովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Հայերեն English Français Русский

Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով