ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիան օգոստոսի 19-29-ը «Մանե Գարդեն» ռեստորանի աջակցությամբ և Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության (PUM) հետ համագործակցությամբ անցկացրեց հերթական գործնական դասընթացը՝ «Հյուրընկալություն և սպասարկում» թեմայով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերապատրաստումը իրականացնելու համար Հոլանդիայից ժամանել է բարձրակարգ մասնագետ, ով երկար տարիների աշխատանքի փորձ ունի միշլենյանաստղի արժանացածռեստորաններում, սպասարկել է նաև հոլանդական թագավորական ընտանիքը, ինչպես նաև տասնյակ տարիների դասավանդման փորձ ունի:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` իրենց ֆեդերացիան, կարևորելով զբոսաշրջության ոլորտի պահանջարկին համապատասխանող բարձրակարգ մասնագետներով և կադրերով ապահովելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ է եղել ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացին:
«Մենք համագործակցում ենք հոլանդական PUM կազմակերպության հետ: Այստեղից հրավիրել ենք բարձրակարգ և բազմափորձ մասնագետների, ովքեր զբոսաշրջության տարբեր ոլորտներում կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը սկսել ենք զբոսաշրջային օպերատորների և գործակալների համար դասընթացներից: Սա թվով երկրորդ դասընթացն է «Հյուրընկալություն և սպասարկում» թեմայով: Դասընթացին մասնակցում են Հայաստանի տարբեր ռեստորանների և հյուրանոցների մասնագետներ»,-ասաց Ապրեսյանը:
Նա հայտնեց, որ հաջորդ դասընթացները լինելու են «Հյուրանոցային կառավարում» թեմայով:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիային անդամակցում է նաև «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը, որի հետ նախատեսվում է համատեղ կազմակերպել զբոսավարների դասընթացներ: Բացի այդ, մեզ անդամակցում է «Հայ խոհարարական ավանդույթներիզարգացման և պահպանման» ՀԿ-ն, և խոհարարական դասընթացներ նույնպես նախատեսում ենք կազմակերպել»,- նշեց Ապրեսյանը:
Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության, հոլանդացի մասնագետ Ռոբերտ դե Խունսը ասաց, որ արդեն 15 երկրում վերապատրաստում է իրականացրել և Հայաստանում երկրորդ անգամ է:
«Սրտանց եմ ասում՝ Հայաստանը ֆանտաստիկ է: Այստեղ արդեն երկրորդ անգամ եմ լինում: Ինձ հաճելի է այստեղ գտնվել, որովհետև այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են, հայկական խոհանոցը շատ լավն է, և բնությունը՝ գեղեցիկ: Միակ նկատառումս այն է, որ մարդիկ ավելի լավ անգլերեն խոսեն սպասարկման ոլորտում: Դա շատ կարևոր է»,- ընդգծեց Խունսը:
Միջոցառման վերջում հոլանդացի մասնագետը հավաստագրեր հանձնեց սպասարկման ոլորտի 22 աշխատողի: