ՏՏ ոլորտի կազմակերպություններն ամրապնդել են իրենց դիրքերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների շարքում ՏՏ ոլորտի կազմակերպությունների վճարած հարկերը միջինում շուրջ երկու անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ «Սինոփսիս Արմենիան» շարունակում է գլխավորել ցանկը՝ ապահովելով 32 տոկոս աճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2019թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների հրապարակած ցանկի համաձայն՝ հավաքագրվել է 511 մլրդ դրամի հարկ` 14.4% ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշված ցանկում ընդգրկվել են ՏՏ ոլորտի 25 ծրագրային ապահովում իրականացնող և 7 տեղեկատվական ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնց ընդհանուր վճարած հարկերը կազմել են 10,8 մլրդ դրամ կամ 1000 խոշոր հարկ վճարողների ընդհանուր վճարած հարկերի 2,1 տոկոսը՝ նախորդ տարվա 1,67 տոկոսի փոխարեն։

Շուրջ երեք տասնյակ ՏՏ ոլորտի կազմակերպությունների շարքում են թե՛ տեղական կազմակերպություններ և թե արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր։ ՏՏ կազմակերպությունների առաջին տասնյակն, ինչպես նախորդ տարի, գլխավորում է ամերիկյան «Սինոփսիս» ընկերության դուստր ընկերություն «Սինոփսիս Արմենիան», որը վճարել է 1,5 մլրդ դրամ հարկ, ինչն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 36 տոկոսով։ Ընկերության վճարած հարկերի ավելացումը պայմանավորված է եկամտային հարկի 58․5 տոկոս և շահութահարկի 32 տոկոս ավելացմամբ։ Հատկանշական է, որ ուղղակի հարկերի գծով առաջատար «Սինոփսիս Արմենիա» ընկերության վճարած հարկերը 536 մլն դրամով գերազանցում են հայկական առաջատար երկու սուպերմարկետների ցանցերի վճարած ուղղակի հարկերը՝ միասին վերցված։

Տասնյակը ամբողջացնում են «Սոֆթ Կոնստրակտ», «Այյունեթվորքս», «ԴԻՋԻթեյն», «Հայկական ծրագրեր», «Էներջայզ գլոբալ սերվիսիզ», «ՎԻԷՄՈՒԵՐ իսթերն յուրոփ», «Մենթոր գրաֆիկս դիվելոփմենթ սերվիսիս», «Պիկսարտ», «Մոնետիս» ընկերությունները, որոնք ընդհանուր առմամբ վճարել են 6,5 մլրդ դրամ հարկ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների ընդհանուր հարկային մուտքերի 50 տոկոսից ավելին, որից վճարված եկամտային հարկը կազմել է 5,3 մլրդ դրամ, իսկ շահութահարկը՝ 940 մլն դրամ։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված և բազմապրոֆիլ ծրագրավորմամբ զբաղվող «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը, որը ՏՏ ընկերությունների շարքում երկրորդն է, բարելավվել է իր դիրքերը 68 հորիզոնականով՝ 1000 խոշոր հարկատուների շարքում նախորդ տարվա 173-րդ հորիզոնականից հայտնվելով 105-րդ հորիզոնականում և վճարելով 871 մլն դրամ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Իսկ ՏՏ կազմակերպությունների շարքում 4-րդ տեղում հայտնված խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատուցող «ԴԻՋԻթեյն» ընկերությունը թռիչքային կերպով բարելավվել է դիրքերը նախորդ տարվա 575-րդ տեղից հայտնվելով 142-րդ տեղում և շուրջ 5,5 անգամ ավելացնելով վճարած հարկերը։

Տասնյակում հայտնված բոլոր ՏՏ ընկերությունների վճարած հարկերը միջինում շուրջ 2 անգամ ավելացնել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացառությամբ ամսական ավելի քան 65 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող Պիկսարտ ընկերության, ինչի հետևանքով խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 172-րդ տեղից հայտնվել է 236-րդ տեղում։

Բավականին բարձր հորիզոնական է զբաղեցրել տեղեկատվական ծառայություններ մատուցող հայկական «Ռեդինետ» ընկերությունը, որի վճարած հարկերը 3,2 անգամ ավելացել են՝ կազմելով 535 մլն դրամ, իսկ արտասահմանյան «ՋԻԷՆՍԻ-ալֆա» ընկերությունը նվազեցրել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 126-րդ հորիզոնականից հայտնվելով 176-րդ հորիզոնականում՝ վճարելով 146 մլն դրամով քիչ հարկեր։

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել