Քաղաքականություն

ՀՀ վարչապետը ամենամեծ ձեռքբերումն է համարում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ամենամեծ ձեռքբերումն է համարում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իր կառավարման 14 ամիսների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն է և երկրի ժողովրդավարական իմիջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենՀրայր Թամրազյանիհետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե որն է իր ՀՀ վարչապետ լինելու ընթացքում ամենամեծ ձեռքբերումը:

«Իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև, իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն , որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց նաև, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որևէ քաղաքական ուժի կողմից դե-յուրե չվիճարկվեցին:

«Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ: Ես այն կհամարեմ հիմնական հաջողությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ մայիսի 8-ին հանդես է եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, տնտեսական և հակակոռուպցիոն բնույթի ձեռքբերումները:

«Ձեռքբերում են նաև ժողովրդավարությունից բխող ուղղությունները՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առջև մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում և, ի վերջո, քաղաքացու ինքնագիտակցում, որ ինքն է ձևավորում Հայաստանում իշխանություն: Կարևոր է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթել է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Մենք շնորհավորել ենք ,անկախ նրանից, համաձայն ենք ընտրությունների արդյունքներին, քաղաքական բովանդակության հետ, և հարգանքով ենք վերաբերվել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում