Իսրայելի դեսպանը հեռանկարային է համարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցության կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում:
«Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ համագործակցության պլաններ ունեն կրթության ոլորտում, որ խելացի հայ ուսանողները սովորեն Իսրայելում: Ծրագրեր ունեն նաև առողջապահության համագործակցության ոլորտում՝ հայ բժիշկներին վերապատրաստումների համար Իսրայել ուղարկելու: Դեսպանը շեշտեց, որ անհամբեր սպասում են դրանց իրագործմանը: