Փաշինյանն առաջարկում է քննարկել համահայկական բյուջե ստեղծելու գաղափարը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ արեց քննարկել համահայկական բյուջե ստեղծելու գաղափարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 18-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ համահայկական բյուջե ստեղծելով հնարավոր կլինի այս գործընթացում ապահովել աշխարհում յուրաքանչյուր հայի ներգրավվածությունը, ինչն էլ հայապահպանման խթան կհանդիսանա:

«Արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը պե՞տք է ծրագրեր իրականացնի սփյուռքում: Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, կապված է ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառույցներ ստեղծող մարմին է, և այստեղից է հարց ծագում` եթե հիմնադրամն, օրինակ, ճանապարհ կամ շենք կառուցող մարմին է, ինչու պետք է սփյուռքում շենք կամ ճանապարհ կառուցի: Այսպիսով, անտրամաբանական է, բայց կա նաև ուրիշ խնդիր, որը կապված է հայկական ամբողջականության և ինքնության հետ: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն տարի բազմաթիվ հայ երիտասարդներ կտրվում են հայկական ինքնությունից, և սա շատ լուրջ խնդիր է, որի հետ մենք այսօր առերեսվում ենք: Արդյոք սա մի թեմա չէ, որով մենք պետք է զբաղվենք: Այսինքն` հայկական ինքնությունն առավել գրավիչ դարձնելու համար սփյուռքի մեր երիտասարդության համար: Նոր ժամանակներում, ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով շատ մարդիկ կտրվում են հայկական օրակարգից, և այդպիսով կտրվում են հայկական ինքնությունից, և երիտասարդությանը վերադարձնելը կամ պահելը հայկական ինքնության և օրակարգի շրջանակում, մի խնդիր է, որով կարծում եմ, որ պետք է զբաղվի նաև հիմնադրամը: Դա կարող է լինել Հայաստանը, հայկական օրակարգը, ծրագրերն ավելի գրավիչ դարձնելու համար, որպեսզի մարդիկ իմանան, թե իրենք ինչպես կարող են ներգրավված լինել: Ի վերջո, փիլիսոփայությունը «Հայաստան» հիմնադրամի նոր ժամանակներում պետք է ոչ թե գումարը, այլ ներգրավվածությունը լինի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե փող տալու և փող ծախսելու տեղ լինի, այլ ներգրավված լինելու միջոց լինի, ամբողջի մաս կազմելու զգացողությամբ օժտի յուրաքանչյուր մարդու:

Այս առումով, կարծում եմ, շատ գրավիչ է համահայկական բյուջեի գաղափարը, և մենք պետք է շատ ավելի մեծ խնդիրներ դնենք մեր առաջ: Օրինակ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն պետք է երկարաժամկետ կտրվածքով համեմատելի դառնա Հայաստանի պետական բյուջեի հետ, որպեսզի մեր ազգային և պետական ամբիցիաները մենք կարողանանք սպասարկել կոնկրետ: Մենք ունենք ներուժ, երազանքներ, ցանկություններ, բայց չունենք դրանք կյանքի կոչելու գործիք, և հետևաբար համահայկական բյուջեի տրամաբանությունը ես կառաջարկեի, որ որևէ ձևով քննարկվեր»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Հայերեն العربية English

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը