Քաղաքականություն

Հայտնի է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը. ՀՀ ԱԳՆ-ն տեսնում է օրակարգի հստակ գերակայություններ

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը. ՀՀ ԱԳՆ-ն տեսնում է  օրակարգի հստակ  գերակայություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»,- ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում