Քաղաքականություն

Դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում Արգենտինայում և համատեղության կարգով Պարագվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հունիսի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին (Mario Abdo Benítez):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևեց ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի և Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսի միջև կարճատև առանձնազրույց, որին ներկա գտնվեց նաև արտաքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Կաստիլիոնին (Luis Alberto Castiglioni): Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը հայտնեց իր հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նախորդ օրը՝ հունիսի 3-ին Պարագվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Պարագվայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Անտոնիո Ռիվաս Պալասիոսին (Antonio Rivas Palacios) և արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Պարագվայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Հայաստանի անմիջական հարևանների հետ երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը:

ՀՀ դեսպանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Պարագվայի կոնգրեսի պատգամավորների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վալտեր Հարմսի (Walter Harms) հետ։ Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում երկկողմ հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլեր և ձեռք բերել պայմանավորվածություն՝ ձևավորելու Պարագվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում