Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմի ձևավորման նոր տարբերակ: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 7 հոգանոց Հանձնաժողովի նախագահին և երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:

Այս առնչությամբ, կառավարության հիմնավորման մեջ ասվում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախեւառաջ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձեւավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաեւ առաջին կազմի ձեւավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

Այս առումով գտնում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:

Այն դեպքում, եթե Նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձեւավորվող կազմերին, ապա պարզ չէ նաեւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ինչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:

Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռնվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է փաթեթով:

Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա