Փաստ մեկնաբանությամբ

Ղուլյանը գործընկերային հարաբերությունների արդյունք է համարում Արցախի ներկա և նախկին նախագահների քայլը Քոչարյանի հանդեպ

2 րոպեի ընթերցում

 Ղուլյանը գործընկերային հարաբերությունների արդյունք է համարում Արցախի ներկա և նախկին նախագահների քայլը Քոչարյանի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին պետք է վերաբերվել որպես մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղուլյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում լրագրողի հարցին ի պատասխան:

«Կարծում եմ, որ այն, ինչ արդեն ասվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին: Եվ ուզում եմ, որ դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք»,-ասաց Ղուլյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:Այնուհետև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանում էր տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է իրենց լիազորությունների տիրույթից:

Մայիսի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում