Տնտեսություն

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը կոչ է անում պարզեցնել հարկային քաղաքականությունը և բացի խոշոր հարկատուներից՝ մնացած բոլորին հարկել շրջանառության հարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին:

«Քաղաքական հեղափոխությունը պետք է վերաճի տնտեսական հեղափոխության: Առաջարկում եմ դրա բանալիներից մեկը: Պետք է գնանք հարկային քաղաքականության պարզեցման ճանապարհով, իսկ պարզեցման համար պետք է գործիքակազմ տանք: Շրջանառության հարկի շեմի բարձրացումը շատ թույլ գործիք է: Եթե համարձակ հեղափոխության գնանք, կարող ենք խոշոր հարկատուի հատվածը հանել, մնացած ամբողջը մտցնել շրջանառության հարկի դաշտ՝ գտնելով լավագույն գործակիցը, դա կարող է լինել 7, 10 կամ 20 տոկոսը: Բայց պետք է լինի այն լավագույն գործիքը, որը բյուջեի ակնկալվող մուտքերի վրա ոչ միայն բացասական չի ազդի, այլ նաև դրական ազդեցություն կունենա»,-ասաց Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ ներդրումներ բերելու, տեղական տնտեսությունը զարգացնելու ու արտահանումը խթանելու իմաստով պարզեցնելը լավագույն ճանապարհն է: Բագրատյանի կարծիքով՝ քաղաքացիները ցանկանում են պարզ հարկային օրենսդրությամբ աշխատել: «Քաղաքացին պետք է իմանա, որ օրինակ 100 դոլար աշխատեց, դրանից 10 դոլարը պետք է տա պետությանը՝ որպես հարկ: Կոչ եմ անում, խոշոր հարկատուներին հանած, մնացած ողջ տնտեսական դաշտը մտցնել շրջանառության հարկի տակ: Եվ կտեսնենք, որ 5 տարի անց մենք կունենանք լրիվ այլ տնտեսություն, այլ մոտեցումներ»,-եզրափակեց պատգամավորը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը դարձնել 115 մլն դրամ՝ ներկայում գործող 58,35 մլն դրամի փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում