Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 50 հազար աշխատատեղի ավելացման մասին իր հայտարարության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել  50 հազար աշխատատեղի ավելացման մասին իր հայտարարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ հանձնարարել է տեղեկանք պատրաստել բացվածքով, որպեսզի երևա, թե այդ աշխատատեղերը որ ոլորտներում են:

«Աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Այժմ ընդհանուր ներկայացնեմ, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել: Մասնավորապես, մանրածախ, մեծածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների նորոգման ոլորտում 16 հազար 427 աշխատատեղի աճ ունենք: Մշակվող արդյունաբերության ոլորտում արձանագրել ենք 9 հազար 551 աշխատատեղի աճ: Կացության և հանրային սննդի սպասարկման ոլորտում՝ 8 հազար 334, սպասարկման այլ ծառայություններում՝ 2 հազար 574, տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 2 հազար 260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1 834 աշխատատեղի աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով մյուս ոլորտները:

Նա նշեց, որ այս թվերը ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ընկերություններն իրենք են ներկայացրել իրենց աշխատատեղերի թիվը, հետևաբար կատարվում են սրանից բխող հարկային պարտավորություններ:

«Ես հասկանում եմ, որ 50 հազար աշխատատեղի մասին մեր ներկայացրած թիվը մեկնաբանությունների տեղիք տվեց, որովհետև, ըստ էության, կարող է ֆանտաստիկայի ժանրից թվա, սակայն այս ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է: Սա ես ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ սա մեր գործարարների, մեր քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք: Այս մարդիկ իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս պրոցեսը կշարունակվի:

Նա նշեց, որ առաջիկայում նոր աշխատատեղեր կստեղծվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում