Մշակույթ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները Նազենի Ղարիբյանին հրավիրել են հանդիպման

3 րոպեի ընթերցում

 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները Նազենի Ղարիբյանին հրավիրել են հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:

«Ստեղծված իրավիճակը մեզ համար անհասկանալի է, և մենք պահանջում ենք, որ Մշակույթի նախարարությունը հաշվի առնի նաև մեր կարծիքը: Ուզում ենք հանդիպել Նազենի Ղարիբյանի հետ և հասկանալ, թե ինչպես է հիմնավորում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իր որոշումը: Մենք այսօր եկել ենք աշխատանքի և տեղեկացել ենք այս լուրի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ներկայացումները չեղարկեն, Լիպարիտ Ավետիսյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա: Արտիստները նշեցին, որ այս ընթացքում Նազենի Ղարիբյանը երբեք չի եկել օպերային թատրոնի առաջնախաղերին, սակայն մշտապես հրավեր ստացել է: Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանը նշեց, որ Մշակույթի նախարարության յուրաքանչյուր ղեկավար պետք է մտնի թատրոն, ծանոթանա կոլեկտիվ անդամների հետ, տեսնի իրականացվող աշխատանքը:

«Դա յուրաքանչյուր ղեկավարի համար առաջնահերթ պետք է լինի: Այս պարագայում նման բան չի արվել, ես կարծում եմ, որ այդ որոշումն ավելի շատ անձնավորված է, քան արդարացված կամ հիմնավորված: Այն ինչ կատարվում է մեր թատրոնում, երբևէ նման բան չի եղել. այսքան հետաքրքիր ներկայացումներ՝ արտերկրից ժամանած արտիստներով, այսքան նորություններ, դիրիժորներ, վարպետության դասեր հայտնի թատրոնների մասնագետների կողմից: Դրսից բերված ներկայացումների առաջխաղեր, որոնց համար վճարել է պարոն Օրբելյանը, միջոցներ հայթայթել է իր կապերով: Նման հետաքրքիր նախագծերը չի կարելի անտեսել, ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով»,-ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ մարդկանց ու ինչ ամբիցիանեի մասին է խոսքը, նա հրաժարվեց պարզաբանել:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում