Տնտեսություն

Մանե Ադամյանն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Մանե Ադամյանն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյաննընդունել էՀունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։

Կողմերը նշել են, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա, որն էլ ավելի կամրապնդվի երկկողմ փոխայցելությունների շնորհիվ: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը տնտեսության մի շարք ոլորտներում:

Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես կապող կամրջի հնարավորությունները՝ ԵՄ-ԵԱՏՄ-ԻԻՀ-Մերձավոր Արևելք տնտեսական հարաբերությունները կազմակերպելիս, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների պայմանները։

Հանդիպման ավարտին, կարևորելով քննարկված թեմաները՝ կողմերը պայմանավորվել են հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել՝ միմյանց ներկայացնելով հստակ առաջարկություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում