Քաղաքականություն

Թաթուլ Մարգարյանն արձանագրում է ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի ձևավորումը և հայտնում առաջիկայում բարձր մակարդակի երկխոսության մասին

19 րոպեի ընթերցում

Թաթուլ Մարգարյանն արձանագրում է ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի ձևավորումը և հայտնում առաջիկայում բարձր մակարդակի երկխոսության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը արձանագրում է, որ մինչև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով: Թաթուլ Մարգարյանը նկատում է, որ համաձայնագիրն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքների, տեղեկություններ է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին վերաբերյալ, անդրադարձել է 2019թ. ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին և սպասվող զարգացումներին 2019թ.:

-Պարոն դեսպան, առաջին հարցը, որ կցանկանայինք անդրադառնալ, վերաբերում է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության ընթացքին: Ինչպե՞ս այն կնկարագրեիք:

ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը ընթանում է բարձր ակտիվությամբ և նշանավորվել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներով և փոխայցելություններով: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո կարևոր է եղել ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության միջև ամենակարճ ժամկետներում կապի հաստատումը՝ տարբեր մակարդակներում կայացած բազմաթիվ հանդիպումների և շփումների տեսքով, որոնք կողմերին թույլ են տվել ծանոթանալ միմյանց տեսակետներին և առաջնայնություններին: ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր հանգրվան կարող ենք համարել Բրյուսելում 2018թ. հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նշանակալի էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցերը Բրյուսել, որոնց ընթացքում վերջինս հանդիպել է ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին փոխշփումները մեծ կարևորություն են ներկայացրել այն առումով, որ կողմերը բարձր մակարդակում վերահաստատել են համագործակցության վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ողջ ծավալով: Եվրոպական կողմը վերահաստատել է իր օժանդակությունը ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում: Իր հերթին հայկական կողմը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում շարունակականությունը:

Ավելին, հենց 2018թ. հունիսին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը:

Բարձր մակարդակի հանդիպումներից բացի, 2018թ. տեղի են ունեցել նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտների ներկայացուցիչների և ԵՄ կառույցներում քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ, որոնք կարևոր են եղել ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցության օրակարգի առաջնայնությունների ճշգրտման և կոնկրետ ծրագրերի վերահաստատման առումով:

2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ո՞ր փուլում է գտնվում ներկայումս համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

2017թ. վերջին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր, քանի որ այն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: Այս գործընթացում Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցությունը:

Ինչպես գիտեք ՀՀ Ազգային Ժողովը Համաձայնագիրը վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին, իսկ Եվրոպական Խորհրդարանը հատուկ բանաձևով դրան իր համաձայնությունն է տվել հուլիսի 4-ին՝ կարևոր խթանիչ ազդակ ուղղելով նաև ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին և իրավասու այլ պետական օղակներին Համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Ներկայումս Համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 10 պետություն: Անդամ պետությունների մայրաքաղաքներում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կհամալրվի: Սա ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն պահանջել է երեք տարի:

Առաջնայինը, անշուշտ, Համաձայնագրի իրականացումն է, որի առումով չափազանց կարևոր էր 2018թ. հունիսի 1-ից դրա ժամանակավոր կիրառման մեկնարկը: Հատկանշական է, որ ժամանակավոր կիրառումը տարածվում է Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի վրա: Հետևաբար` արդեն այսօր առկա է Համաձայնագրի դրույթների իրականացման համար հսկայական դաշտ, որին էլ ներկայումս ուղղված են երկուստեք ջանքերը:

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչման առումով մեծ կարևորություն է ներկայացնում ՀԸԳՀ կիրարկման Ճանապարհային քարտեզը: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը, կարելի է ասել, գործնական, կիրառելի լեզվի է թարգմանում համաձայնագրի հռչակագրային և ընդհանուր իրավական դրույթները, ձևակերպում է կոնկրետ խնդիրներ և նշում դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները և ստորաբաժանումները, սահմանում է խելամիտ ժամկետներ, մատնացույց անում Համաձայնագրի իրականացման համար ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ նշված ծրագրերին ԵՄ ակնկալվող օժանդակությունը:

Ճանապարհային քարտեզի նախագիծը մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթադրում է տարբեր ուղղություններով բարեփոխումների և նպատակների սահմանում, այլև, դրանց արդյունավետ համադրումն ու զուգորդումը ՀՀ կառավարության առաջնայնությունների և հայտարարված քաղաքականության համատեքստում:

Ճանապարհային քարտեզի նախագծի մշակման և Համաձայնագրից բխող կետերի իրագործման հարցում մեծ է 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի ղեկավարության ներքո գործող ՀԸԳՀ և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դերը, որն այդ նպատակով պարբերական հանդիպումներ է ունենում: Այդ գործընթացում մեծապես կարևորվում է նաև քաղաքացիական հասարակության դերը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանձնաժողովի համակարգմամբ մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը տրամադրվել է եվրոպական կողմին 2018թ. նոյեմբերին: Նախագծի վերաբերյալ ԵՄ-ն իր բարձր գնահատականն է հայտնել, այդ թվում նաև 2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ այն լավ մեկնարկ է Համաձայնագրի իրականացման համար: Ճանապարհային քարտեզի վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան, որի համաձայն ԵՄ արձագանքները և առաջարկությունները կստացվեն մինչև հունվար ամսվա վերջ:

Կարևոր է նշել նաև, որ առաջարկվող ճանապարհային քարտեզի նախագիծն ընդգրկում է ոչ միայն ժամանակավոր կիրառման տակ ընկնող Համաձայնագրի հատվածները, այլև երկուստեք համաձայնությամբ, նաև այն մասերը, որոնք ուժի մեջ կմտնեն միայն դրա ամբողջական կիրարկումից հետո: Ինչպես տեսնում եք, մինչև Համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով:

ՀՀ-ԵՄ համագործակցության տեսլականի համար և որպես ՀԸԳՀ-ին փոխլրացնող փաստաթուղթ մեծ նշանակություն ունի նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի ստորագրումը 2018թ. սկզբին: Այն մինչև 2020թ. առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնայնությունների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն առաջին պետությունն է, որ ավարտել է այս փաստաթղթի համաձայնեցումը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման տեսանկյունից հարկ է նշել նաև 2018թ. մարտին ստորագրված «ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», որը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2018թ. հուլիսի 11-ին: Այն ընդարձակ հնարավորություններ է ստեղծում հայաստանյան ստեղծագործողների համար:

Պարոն դեսպան, պարբերաբար տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին տեղեկություններ: Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել թե ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել և որն է դրանց կարևորությունը:

ԸԳՀ ժամանակավոր կիրառման մեկնարկի համատեքստում տեղի են ունեցել Համաձայնագրով նախատեսված մի շարք երկկողմ նոր, ինստիտուցիոնալ առավել բարձր մակարդակ ունեցող մարմինների հանդիպումներ:

Մասնավորապես, ինչպես արդեն նշեցի, դեռևս հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության Խորհրդի անդրանիկ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նիստին մասնակցել են ՀՀ կառավարության և ԵՄ շահագրգիռ գերատեսչությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Գործընկերության խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղված բարձրագույն մարմինն է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Հանդիպման շրջանակներում, ի թիվս այլոց, վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է առևտրի հարցերով Գործընկերության կոմիտեի առաջին նիստը, սա կարևոր մի շրջանակ է, որի օրակարգն ընդգրկում է նոր Համաձայնագրի առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո ներառված կետեր, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների առևտրի, մաքսային ոլորտի, մտավոր սեփականության իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ: Հանդիպմանը 2018թ. սեպտեմբերի 26-ին հաջորդել է նաև հատուկ ՀՀ և ԵՄ գործարար շրջանակների համար կազմակերպված միջոցառում, որը նպատակ ուներ ներկայացնել ՀԸԳՀ-ով գործարար հատվածին ընձեռվող հնարավորությունները և արտոնությունները: Անկասկած, տնտեսության ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է, և այն առաջիկա տարիներին նախատեսված է ավելի խթանել:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորհրդարանական ձևաչափում նշանակալի իրադարձություն է հանդիսացել 2018թ. հոկտեմբերի 24-ին կայացած ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը: Այս ձևաչափում ՀՀ-ԵՄ գործընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում համագործակցության ընդհանուր շրջանակի մեջ: Ակնկալվում է, որ ՀՀ-ում անցումը խորհրդարանական կառավարման ձևին նոր խթան և որակ կհաղորդի այս համագործակցությանը:

2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի մեկնարկային նիստը, որն ընդհանուր առմամբ ամփոփեց տարին և ձևակերպեց գործառնական եզրակացություններն առաջիկա ամիսներին կողմերի անելիքների կապակցությամբ:

Ինչպես արդեն իսկ ներկայացրեցի, հանդիպման շրջանակներում Կոմիտեի անդամներն առաջին քննարկումն են ծավալել ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:

2018թ. տեղի են ունեցել նաև երկկողմ մակարդակում տարբեր թեմատիկ ենթակոմիտեների հանդիպումներ, ինչպիսին է օրինակ՝ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 4-րդ նիստը, որը վերջին անգամ գումարվել էր 2014թ.: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացվել են նաև մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի հերթական հանդիպումները:

ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում Բրյուսելում և այլուր կազմակերպվող մի քանի տասնյակ միջոցառումների, Արևելյան գործընկերության ձևաչափում գործող պլատֆորմների և պանելների աշխատանքներին:

Դժվար է, անշուշտ, մեկ զրույցի շրջանակներում ներկայացնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր միջոցառումները և իրադարձությունները, խոսել դրանցում քննարկված բոլոր հարցերի մասին: Ուստի, կսահմանափակվեմ միայն վերը թվարկվածներով:

Ակնհայտ է, որ անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել ծավալուն աշխատանքով, միջոցառումներով և հանդիպումներով: Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել 2019թ.: Արդյոք արդեն կա ձևավորված աշխատանքային օրակարգ նոր տարվա համար և որո՞նք են լինելու հիմնական առաջնահերթությունները:

Հարկ է նշել, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵՄ բարձր գնահատականը լավ հիմք է հանդիսանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ կարևոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

2019թ. համար ուրախ ենք արձանագրել, որ արդեն տարվա սկզբին ունենք ձևավորված բավական հավակնոտ օրակարգ: Առանց փակագծերը բացելու կարող եմ հավաստիացնել, որ այս տարին նշանավորվելու է նաև ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական երկխոսության բարձր մակարդակով և ինտենսիվությամբ: Արդեն իսկ մոտ օրերս մեկնարկ կտրվի մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների, որոնք նոր լիցք կհաղորդեն Համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Եթե 2018թ. շատ հարցերում նորորակ՝ առավել ընդլայնված և համապարփակ համագործակցության հիմքերի մշակման տարի էր՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ, Գործընկերության Խորհրդի, Կոմիտեի և Խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային հանդիպումներ, ապա 2019թ. ակնկալվում է, որ կլինի Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման շրջան:

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև կարևոր զարգացումներ ԵՄ հետ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության տեսանկյունից: 2019թ. լրանալու է այս ձևաչափի մեկնարկի 10-ամյակը: Հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում: Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մի շարք ծրագրերի շուրջ:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և 2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Խորհրդարանի համաեվրոպական ընտրություններով պայմանավորված՝ տարին խոստանում է բավական կարևոր և հագեցած լինել նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Պետք է դրվեն նորակազմ խորհրդարանների միջև համագործակցության հիմքերը՝ էլ ավելի զարգացնելով առկա դրական ավանդույթները:

Այսպիսով, 2019թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններն իրենց ակտիվությամբ, բովանդակությամբ և կարևորությամբ խոստանում է լինել առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացման ժամանակաշրջան:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում