Հայաստանը ՉԺՀ բարեկամ գործընկերն է տարածաշրջանում. Երևանում կայացավ ՉԺՀ բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակի գիտաժողով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Հայաստանը համարում է բարեկամ գործընկեր տարածաշրջանում, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկար է տեսնում ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ինպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Նրա խոսքով` ներկայումս Հայաստանը և Չինաստանը շատ լավ հարաբերություններ ունեն:
«Չինաստանը համարվում է տնտեսական գերտերություն, և ավելի քան 130 երկիր մեր երկիրը համարում է համար մեկ գործընկերը: Մեզ համար առանց բացառության բոլոր երկրները հետաքրքրություն են ներկայացնում: Այս պարագայում Հայաստանը մենք դիտարկում ենք բարեկամ գործընկեր տարածաշրջանում: Մենք տեսնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասաց Ըրլոնգը:
Նա նկատեց, որ այս տարի Չինաստանը նշում է բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակը և իրենց երկրի համար այդ իրադարձությունը, որը փոխել է Չինաստանի զարգացման ուղին, մեծ նշանակություն ունի:
«Կարծում եմ՝ այսօրվա գիտաժողովը արդիական խնդիրներ է բարձրացնում: Առաջին հերթին, մեզ հետաքրքիր է, թե ինչպես են Հայաստանում տեսնում Չինաստանի բարեփոխումների քաղաքականությունը և ինչպիսի հեռանկարներ կան հայ-չինական հարաբերությունների հետագա բարեփոխումների քաղաքականության իրականացման համատեքստում:
Բայց , միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ եթե այդ քաղաքականությունը բարեհաջող իրականացվեց Չինաստանում, պարտադիր չէ, որ այն բարեհաջող իրականացվի այլ երկրներում: Այնպես որ, մենք այլ երկրների ուշադրությունը հրավիրում ենք մեր փորձի վրա, բայց չենք պարտադրում այն իրականացնել»,- եզրափակեց նա:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի լայն շրջանակի:
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից: