Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլ-Ֆատահ Հալիլ Աս-Սիսին քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի ժամկետները, բիզնես համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսին և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարվա ընթացքում միայն աճի դրական դինամիկա է արձանագրել: Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսում ընթացող տնտեսական բարեփոխումները միտված են օտարերկրյա ներդրողների համար երկրի գրավչության բարձրացմանը: Եգիպտոսի և Աֆրիկայի, ինչպես նաև Արաբական Արևելքի երկրների միջև ազատ առևտրի գոտու առկայությունը ներդրումների համար երկիրն ավելի գրավիչ է դարձնում:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար կարևոր է զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը համարվում է երկրի տնտեսական ռազմավարական և երկարաժամկետ քաղաքականության մի մասը: Այդ առումով ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է կարևորագույն քայլ դառնալ: Եգիպտոսի նախագահն այդ ուղղությամբ բանակցությունների առաջին փուլի շուտ մեկնարկի հույս է հայտնել:

Եգիպտոսի ղեկավարը նաև կողմ է արտահայտվել իր երկրում Եգիպտոս-ԵԱՏՄ բիզնես համաժողովի անցկացմանն այս տարվա ձմռանը, որպեսզի Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի գործարար համայնքներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Ադդուլ-Ֆատահ Հալիլ Ալ-Սիսին նաև ընդգծել է Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծման ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հարցը մտնում է ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու առաջնահերթությունների մեջ: Այս առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է այն աշխատանքները, որ կողմերը իրականացրել են: Նա աջակցություն է հայտնել բանակցությունների առաջին փուլի մեկնարկը մինչև այս տարվա վերջ տալու առաջարկին:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի գործարար շրջանակների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու գաղափարը:

Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրաշրջանառությունը 2018թ. հունվար-հուլիսին կազմել է շուրջ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 43.9 տոկոս:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը