Քաղաքականություն

Նախագահը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում

2 րոպեի ընթերցում

Նախագահը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում էՀանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով:

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին»,- ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում