Քաղաքականություն

Անգելա Մերկելը Հայաստանը լավ օրինակ է համարում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության առումով

2 րոպեի ընթերցում

Անգելա Մերկելը Հայաստանը լավ օրինակ է համարում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության առումով

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է օրինակ լինել, թե ինչպես կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրոպական Միության հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցություն ծավալելու շուրջ ու այդ հարցում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:

«Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Իհարկե, հնարավորությունները շատ չէն, Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրի գոտի է: Իհարկե, կան շատ լավ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նման քայլի գնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար: «Բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանը ունի նաև Եվրոպական Միության հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ ռեժիմը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնել առևտրաշրջանառության ծավալը Միության հետ: Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի, այլ որակական իմաստով փոփոխություն մտցնել մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում