Տնտեսություն

Հայաստանն ու Շվեյցարիան ավելի մոտ. Ժնևում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները

8 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Շվեյցարիան ավելի մոտ. Ժնևում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի գործարարներին Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացնելու նպատակով Ժնևի կենտրոնում կկայանա «Հայաստան. բացահայտեք հնարավորությունները» խորագրով համաժողով: Ապրիլի 12-ին կայանալիք միջոցառումն իրականացվում է Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչի նախաձեռնությամբ ու համակարգմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, Ժնևի առևտրարադյունաբերական պալատի ձեռնարկած գովազդային արշավի արդյունքում կարողացել են միջոցառումից մեկ շաբաթ առաջ արդեն մասնակիցների այնպիսի քանակ ապահովել, որ ստիպված են եղել փակել գրանցումը: «Պալատի կայքի, տպագիր ամսագրի ու էլեկտրոնային շաբաթաթերթի միջոցով, որոնք տարածվում են բազմահազար լսարան ունեցող ֆրանկոֆոն Շվեյացարիայում, այս միջոցառման մասին շատ խոսուն նյութեր տարածվեցին։ Արդյունքում միջոցառումից մեկ շաբաթ առաջ այնքան գրանցում կար, որ պալատը ստիպված փակեց գրանցումն իրենց վեբ կայքում։ Ընդ որում`գրանցումը վճարովի էր։ Արդեն շուրջ 70 գրանցում ունենք Շվեյցարիայից ու այլ երկրներից, այդ թվում` հայ և այլազգի գործարարներ, որոնք գալիս են հանդիպելու հայկական 30-հոգանոց պատվիրակությանը, ծանոթանալու Հայաստանի հնարավորություններին»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակությունը, որի կազմում կլինեն տնտեսության մի շարք ոլորտների գործարարներ և պետական մարմինների ներկայացուցիչներ, կղեկավարի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Շվեյցարացի ներդրողներին, բիզնես խորհրդատուներին, միջին ու խոշոր դիստրիբյուտորներին, գործարար այլ շրջանակներին կներկայացվի Հայաստանի ընդհանուր տնտեսական գրավչությունը, ֆինանսաբանկային համակարգը, սննդի և խմիչքների արտադրության, զբոսաշրջության, այդ թվում` էկոտուրիզմի, ինչպես նաև գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մեր երկրի հնարավորությունները:

Շնորհանդեսներով հանդես կգան Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի զարգացման բաժնի պետ Լիգիա Ղազարյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից Մարիամ Դավթյանը, Ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների մասին կխոսի Նիկա Մանուկովան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային իրենց ուղու վերաբերյալ կպատմի KGAL գերմանական ներդրումային ֆոնդի ներկայացուցիչը և այլոք:

«Ավելի խորը և երկարատև համագործակցություն զարգացնելու նպատակով Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանմիջև կկնքվի համագործակցության հուշագիր։ Մեկ այլ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության գծով: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ բանակցություններ ենք տարել «Baumeler» շվեյցարական խոշոր տուրիստական գործակալության հետ, և պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի ճամփորդական գրավչության վերաբերյալ գովազդային արշավ սկսելու շուրջ: Պայմանավորվել ենք, որ Baumeler-ը մոտ տասն օրից կսկսի ինտերնետային գովազդային արշավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, իրենց էլեկտրոնային թերթի, Գուգլի որոնողական համակարգի միջոցով: Դրա ֆինանսավորումն արդեն ապահովել ենք մասնավոր աղբյուրներից: Հիմա պատրաստում են գովազդային նյութերը, որոք վերոհիշյալ տեղեկատվական միջոցներով հասնելու են մի քանի տասնյակ հազար շվեյցարացի պոտենցիալ զբոսաշրջիկների ուշադրությանը` զբոսաշրջային թեժ սեզոնին ընդառաջ։ Baumeler-ի ներկայացուցիչները գալու են մեր միջոցառումներին, հանդիպելու են Զարմինե Զեյթունցյանին, քննարկելու են հետագա ավելի խորը համագործակցության հնարավորությունները»,-հավելեց մեր զրուցակիցը:

Բացի դրանից՝ քանի որ հայկական պատվիրակության այցի հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ էր, նույն օրը տեղի հինգաստղանի հյուրանոցներից մեկում (Grand Hotel Kempinski Geneva) հայկական պատվիրակության անդամները գործարար հանդիպումներ (B2B) կունենան շվեյցարացի բիզնեսմենների հետ, մինի-էքսպո ձևաչափով կներկայացնեն իրենց արտադրանքը, նմուշները, մարքեթինգային նյութերը»,-տեղեկացրեց Հայկ Հովհաննիսյանը:

Հարցադրմանն ի պատասխան, թե համաժողովից ակնկալիքներն ավելի շատ ներդրողներ ներգրավելն է, թե շվեյցարական շուկայում հայկական պատրաստի արտադրանքի ներկայացվածության խթանումը`Հայկ Հովհաննիսյանն ասաց. «Հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են թե պոտենցիալ ներդրողներ, թե առևտրով ու բիզնես խորհրդատվությամբ զբաղվող ընկերություններ, ապա երկու ուղղությամբ էլ փորձելու ենք արդյունքների հասնել, երկու ուղղությամբ էլ ակտիվ աշխատում ենք»: Առևտրային ներկայացուցչի վստահեցմամբ` հայկական արտադրանքը կարող է մրցունակ լինել Շվեյցարիայում` հաշվի առնելով համային և որակական բարձր հատկանիշները: Հայկական արտադրանքն արդեն որոշակիորեն ներկայացված է շվեյցարական շուկայում, հատկապես հայապատկան ընկերությունների շնորհիվ: Նմանատիպ միջոցառումները, ըստ Հայկ Հովհաննիսյանի, հայկական անվանումներն ավելի ճանաչելի կարող են դարձնել և նպաստել վաճառքների ավելացմանը:

Պաշտոնյան նաև հիշեցրեց, որ Շվեյցարիան Հայաստանին ապահովում է GSP արտոնյալ առևտրի ռեժիմով, որով մի քանի հազար արտադրատեսակ լիովին կամ մասնակի ազատվում է ներմուծման մաքսատուրքերից, ինչը լրացուցիչ խթան է արտահանման ավելացման համար:

Անդրադառնալով զբոսաշրջությանը` Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ մեծ հնարավորություն է տեսնում նաև այս ոլորտում` պայմանավորված շվեյցարացի զբոսաշրջիկների ընդհանուր հետաքրքրություններով: «Շվեյցարացիները սիրում են ճամփորդել և սիրում են գնալ ու տեսնել իրենց համար չբացահայտված երկրներ։ Սիրում են ավելի վայրի հանգիստ՝ քայլարշավներ, հեծանվային արշավներ, պատմական տուրիզմ։ Շվեյցարացիների համար շատ հետաքրքիր կարող է լինել նաև Հայաստանի Քրիստոնեական հարուստ ժառանգությունը»:

Ինչպես նկատեց առևտրային ներկայացուցիչը, Ժնևի առևտրաարդյունաբերական պալատի հետ պայմանավորվել են, որ գործարար համաժողովի արդյունքները առավել ամրապնդելու համար, մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ են լինելու շվեյցարացի գործարար պատվիրակության այց դեպի Հայաստան կազմակերպելուն: Պալատն ունի միջազգային գործարար կապերի զարգացման հարուստ փորձ. Վերջերս կազմակերպվել են գործարար պատվիրակություններ դեպի ԱՄՆ, Իրան, Ղազախստան, Աֆրիկա, հիմա ընթացքի մեջ են դեպի Չինաստան պատվիրակության կազմակերպչական աշխատանքները:

Անի Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում