Նոր կինոթատրոններ և գրախանութներ կբացվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա տարում մշակութային անցուդարձը ակտիվ կլինի: Նախատեսվում են նոր գրախանութներ, կինոթատրոններ բացել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց առաջիկա ծրագրերի և 2017 թվականի ձեռքբերումների մասին:

«Առաջնահերթ է «Մշակութային կանգառ» ծրագիրը: Նախագծի շրջանակում 426 միջոցառում իրականացվեց Հայաստանի ամենահեռավոր մարզերում: Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ չէին հաղորդակցվել արվեստի հետ, հնարավորություն ունեցան դիտել ներկայացումներ, համերգներ և այլն: Երբ սկսում էինք այս նախաձեռնությունը, շատերը կարծում էին, թե հեռավոր մարզերում բնակվող մարդկանց չի հետաքրքրի դասական երաժշտությունը, այնինչ հակառակն ապացուցվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Դեկտեմբերի 2-ին և 3-ին «Մշակութային կանգառ»-ի փակման շրջանակում Հայաստանում քառասուն համերգային ծրագիր անցկացվեց:

Ամիրյանը լուրջ ձեռքբերում համարեց նաև տարբեր մարզերում անցկացված 200 կինոցուցադրումները: ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության նվիրած 4 շարժական կինոթատրոնների միջոցով մեր երկրի տարբեր գյուղերում, համայնքներում կինոդիտումներ իրականացվեցին:

«Ցանկանում ենք` հաջորդ տարի Հայաստանի տաբեր մարզերում նոր կինոթատրոններ ստեղծել: Առաջին ծիծեռնակը Գյումրիում բացված «Հոկտեմբեր» կինոթատրոնն է, որը իրականություն դարձավ «Պարադիզ» ընկերության միջոցներով: Ընկերությունը 100 000 դոլար ներդրում կատարեց: Այդտեղ գյումրեցիները կարող են դիտել այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են մայրաքաղաքի կինոթատրոններում»,-ասաց Ամիրյանը:

Նա շեշտեց, որ տեղական կինոյի զարգացումը կախված է սպառման ցանցի ընդլայնումից: «Այսօր Հայաստանում 5 կամ 6 կինոթատրոն կա: Մեր երկրում ստեղծված ֆիլմը, ցուցադրվելով Հայաստանում գոյություն ունեցող կինոթատրոններում, կարողանում է ընդամենը 80-90 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդ գումարի մեծ մասով հարկեր են վճարում, մնացյալով հոգում այլ ծախսեր: Շահ չկա: Եթե չկա շահ, չկա որակ: Ստեղծագործական խումբը պետք է շահի: Հետևաբար` պետք է մեծացնել ներքին սպառման շուկան»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով` դա վերաբերում է նաև գրահրատարակչության բնագավառին:

«Ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ գրադարանների դեպքում պետք է գրականության սպառման ցանցը մեծացնել: Հաջորդ տարի կավարտենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դիմաց կառուցվող հսկայական գրախանութը: Այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, երեխաները կարող են լավ ժամանակ անցկացնել, ընթերցել, մուլտֆիլմեր դիտել: Այն նոր մոդելի գրախանութ կլինի»:

Նախարարը կարևորեց գրաբուսների ծրագիրը: 2018-ին Հայաստանի տարբեր մարզերում տասը գրաբուսներ կշրջեն: Գրաբուսներում գրքերը երեսուն տոկոս զեղչով կվաճառվեն: Դրանք նաև գրադարանային ծառայություններ կմատուցեն: Սա գրքի հանրահռչակման լավագույն տարբերակն է:

Հայերեն

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը