Տնտեսություն

«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երեք տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք: «Նոր մայրուղային գազատարների կառուցումն իրականացվում է անվտանգության նկատառումներով: Խոսքը գնում է 700 մմ և 1000 մմ տրամագծով գազատարների մասին, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում: Մենք, որպեսզի կարողանանք իրականացնել «Գազպրոմ Արմենիա»-ին հասանելիք գործառույթները, պարտադիր դրանք պետք է տեղափոխենք ՀՀ տարածք, որի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը:

Խոսքը գնում է Կարմիր Կամուրջ-Ալավերդի Dպ-700 և Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ Dպ1000 գազատարների մասին: Ընկերության ղեկավարի խոսքով` այդ գազատարները կառուցվել են 1992 թվականից հետո, երբ փոխվեց դեպի Հայաստանի Հանրապետություն գազամատակարարման մուտքը: «Ներկայում գազատարները գտնվում են սահմանին մոտ ականապատված տարածքում, որոնց շահագործումը բարդ է»,-ավելացրեց Հրանտ Թադևոսյանը:

Նոր մայրուղային գազատարների կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 8 միլիարդ 370 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում