Հայաստանը կլինի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը մերձեցնելու առաջամարտիկը. ՀՀ փոխվարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռքբերում է, որը միտված է կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը և խորացմանը: Ազգային ժողովում համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այս համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական զարգացմանը, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունացման ամրապնդմանը: Համաձայնագրով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, որոնք խթան և հիմք կհանդիսանան հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ մանրամասն քննարկել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը: «Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթը պարունակում է համատեղելիություն Հայաստանի բոլոր պարտավորությունների հետ և այդ համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալու Հայաստանին խորացնել համագործակցությունը թե Եվրասիական տնտեսական միության, թե Եվրոպական Միության շրջանակներում»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հստակեցրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը, բնականաբար, առևտրային չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ է պարունակում: «Սա նշանակում է, որ մենք չենք խոսում միայն ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և քաղաքական երկխոսության մասին: Համաձայնագիրն ունի նաև տնտեսական հնարավորություններ»,- նշեց փոխվարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը, երբ Եվրոպական Միությունն առաջին անգամ նման համաձայնագիր ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, հնարավորություն կտա մերձեցնել երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: «Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որն այդ ձևաչափերն առաջինը կփորձի ներդնել: Այս առումով այս համաձայնագիրը ոչ միայն կարևոր է երկկողմ հարաբերությունների, այլ նաև միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ համագործակցության նոր ձևաչափեր որոնելու, գտնելու և ակտիվ իրականացնելու առումով: Կարծում եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կունենանք ավելի ընդլայնված երկխոսություն Եվրոպական Միության հետ ոչ միայն փոխադարձ շփումներն ավելացնելու, այլ նաև ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխման առումով: Մենք գտնում ենք, որ այն կարևոր ուղղություն է Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից»,- շեշտեց Վաչե Գաբրիելյանը:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետը նկատեց, որ Հայաստանը իրեն համարում է և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության մաս և առաջ է շարժվում այդ տրամաբանությամբ՝ որդեգրելով «և-և»-ի քաղաքականությունը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Հայերեն English Русский

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը