Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է. Կարեն Նազարյան

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Խոսելով 2017թ. Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին՝ պետք է նշել, որ դրանց օրացույցը բավականին հագեցած էր: Անցնող տարվա ընթացքում եղել են բարձրաստիճան այցեր, հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանրապետության նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև Ազգային ժողովի մասնակցությամբ: Փետրվարի վերջին հանրապետության նախագահը Բրյուսելում էր, որտեղ հանդիպում ունեցավ Եվրոպական Միության քաղաքական ղեկավարության հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նազարյանը:

Նա Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է համարում Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և նախաստորագրումը: «Այս օրերին ավարտին է հասցվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության առաջնայնությունների մշակումը, որը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ մեկտեղ ուղղորդելու է հատկապես տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Ընթացքի մեջ են քննարկումները ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթղթի շուրջ, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետի կողմից: Ավարտվել են նաև Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում