Տնտեսություն

Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը. Իրաքի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ ՏԶՆ նախարարին

2 րոպեի ընթերցում

Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը. Իրաքի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ ՏԶՆ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 1-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաև Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։

Աբդելբարի Ալ-Զիբարին, համաձայնելով նախարարի հետ, նշել է, որ իրենց նույնպես չեն բավարարում տնտեսական համագործակցության առկա ցուցանիշները և առաջարկել է մեկտեղել ջանքերը դրանց աճն ապահովելու հարցում, այդ թվում՝ զբոասշրջության ոլորտում։ Իրաքցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն, քանի որ Իրաքի ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին և բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը։ «Իրաքի հայկական համայնքը ևս մշտապես առանձնացել է գործարար, մշակութային և այլ բարձր ունակություններով», - նշել է նա։

Իրաքցի խորհրդարանականները նախարար Կարայանին հրավիրել են Իրաք՝ տեղում քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում