Տնտեսություն

Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները:

Վերականգնման համար առաջարկված 13 ջրանցքներից 10-ը վերցնում են ջուրը խոշոր ոռոգման/դրենաժային համակարգերից, իսկ մնացած երեքը՝ ուղղակիորեն գետերից:

Ծրագրում ներգրավված հինգ բաժանարար ջրանցքների ջրհան կայանները (Ավշար-Այգավան, Արմաշ, Աչաջուրը, Նոյեմբերյան, Սարալանջ) վերականգնվել էին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա -Հայաստան ծրագրի շրջանակներում, իսկ դրանց բաժանարար ջրանցքների վերականգնումը ավելի արդյունավետ կդարձնի նախկինում կատարված աշխատաքները:

Նշենք, որ ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման ընդհանուր արժեքը կազմել է 3047.5 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում