Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգումը նախատեսված է ավարտել հոկտեմբերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքը նախատեսված է ավարտել հոկտեմբերի 5-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ աշխատանքները պատշաճ կարգով և որակյալ իրականացվում են:

«Աշխատող մասնագետները բավական փորձառու են: Նրանցից շատերը այլ երկրներում աշխատելու առաջարկներ են ստացել, սակայն նախընտրեցին մնալ հայրենիքում և իրենց նպաստը բերել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Շատ փորձառու վարպետներ ունենք` Համլետ Հակոբյան, Դերենիկ Հակոբյան, Թադևոսյան եղբայրներ, Գեղամ Մուրադյան, Գարեգին Մանուկյան և այլք: Բանվորական ուժը գյուղից է»,-ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Վերականգնման աշխատանքները սկսվել են ապրիլի 4-ից: Նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 6 կամարները, որոնք քանդվել էին անցած դարի 80-ական թվականներին, վերականգնել պատերը և քիվերը: Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով: Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր, կարանախցումների համար օգտագործվում է բարդ կրաշաղախ: Տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Այս փուլում 63 մլն դրամի աշխատանքներ են նախատեսված:

«Նախատեսված է Հյուսիսային կամարակապ սրահը վերականգնել Հարավային կամարակապ սրահի նիշին համահունչ: Աշխատանքները բավական լավ իրականացվում են, պարզապես իմ ցանկությունն է, որպես գործող եկեղեցի, սրահներն ամբողջացվեն, որպեսզի պրակտիկ օգտագործվեն: Ցանկալի կլիներ, որ այս փուլից հետո աշխատանքների ևս մեկ փուլ լինի և սրահներն ամբողջացվեն»,-ասաց նա:

Եկեղեցու վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը կատարում է բարերար Մովսես Ձավարյանը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լևգուկ» ընկերությունը:

Քահանան տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ եկեղեցու որևէ հատված փակված չէ:

«Եկեղեցու գործունեության ոչինչ չի խոչընդոտում: Մենք օրական 150-200 օտարազգի այցելուներ ենք ունենում: Փորձառու վարպետների միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցել տեղում մաստեր կլասի, տեսնել, թե վարպետն ինչպես է ձեռքով վերականգնում»,-ավելացրեց Վրթանես քահանա Բաղալյանը:

Օձունի Սբ Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվել է գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվել են պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվել է հնարավոր ավերումից:

Հայերեն English Русский

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանը դիտարկում է Նիդեռլանդներ և Բենիլյուքսի երկրներ արտահանման ընդլայնման հնարավորությունները

Զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը