Տնտեսություն

Գյուղնախարարությունում քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները

3 րոպեի ընթերցում

Գյուղնախարարությունում քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մայիսի 3-ին ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում է հիմնել անասնաբուժական ասոցիացիա, որի նպատակն է հանրապետությունում զարգացնել անասնաբուժական մասնավոր բիզնեսը:

Նրանք նշել են, որ Հայաստան կատարած այցի նպատակն է տրամադրել խորհրդատվություն անասնաբուժական ասոցիացիայի հիմնման վերաբերյալ: Խորհրդատուները մի շարք հանդիպումներ են անցկացնելու հանրապետության տարբեր կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

«Անասնաբուժությունը գյուղատնտեսության ոլորտի կարևոր ճյուղերից է, որը մշտական վերահսկման և մոնիթորինգի կարիք ունի: Այս հարցում մենք բարձր ենք գնահատում ձեր փորձը և հուսով ենք, որ այն մեզ համար օգտակար կլինի: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ձեզ Հայաստանում նախատեսվող նախաձեռնություններում», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով նախարարը հորդորել է հյուրերին որպես վերահսկող մարմին սերտորեն համագործակցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անասնաբուժության ոլորտին առնչվող, այդ թվում` պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը և համարակալմանը վերաբերող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում