Քաղաքականություն

Իսպանիայի Պետրեր քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

 Իսպանիայի Պետրեր քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պետրեր քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 30-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, որին համապատասխան հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնեցին խորհրդում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Քաղաքային խորհրդի կողմից այս որոշման ընդունմանը նախորդել էր նախկինում նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած Էլդա քաղաքի հայերի «Արարատ» միության կողմից կազմակերպված և Մադրիդի «Հայ տուն» միության օժանդակությամբ և մասնակցությամբ իրականացված «Խաղաղությունը և համերաշխությունն ընդդեմ բռնության» խորագրով մշակութային-տեղեկատվական երեկոն: Միջոցառման հյուրերը, որոնց թվում էին նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, դասախոսություն-քննարկման, կարճատև վավերագրական տեղեկատվական ֆիլմերի ցուցադրման, հայկական մշակույթի նմուշների և կատարումների միջոցով ծանոթացան հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության քաղաքական, տնտեսական, իրավական և մշակութային հետևանքներին:

Մշակութային-տեղեկատվական երեկոյին հաջորդեց գեղանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ցուցադրված էին ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի, Իսպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի և Երևանի Ք․Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում