ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջնային նպատակներից մեկը լինելու է ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատանք տանելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության շրջանակում Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության եւ «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի միջեւստորագրվել էրհամաձայնագիր, որով ազդարարվել էր հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը: Այս միասնական ֆոնդով կկազմվեն նոր հետաքրքիր ներդրումային ծրագրեր ներդրողների ներգրավելու ուղղությամբ: «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը» շատ խոշոր ֆոնդ է, և այն ունի մեծ միջազգային փորձ, աշխատել է բազմաթիվ երկրների հետ»,- ասաց Տողանյանը:
Տողանյանը տեղեկացրեց, որ մոտակա օրերին Հայաստան են այցելելու ՌԴ-ում ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Բիզնեսի առաջնորդներ» խումբը:
«Արտյոմ Ավետիսյանի գլխավորությամբ խմբում ընդգրկված են միջին ձեռնարկությունների շուրջ 30 գործարար: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ կկայանա լիագումար նիստ: Այդ խումբը կայցելի նաև Հայաստանի տարբեր ձեռնարկություններ, ինչպես նաև կքննարկվեն ներդրումային բազմաթիվ ծրագրեր»,- ասաց դեսպանը:
Տողանյանը նշեց նաև, որ այս ուղղությամբ դեսպանությունը ակտիվ համագործակցում է ՌԴ-ում էկոնոմիկայի, գյուղատնտեսության և այլ նախարարությունների հետ:
Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:
Մարտի 16-ին Վարդան Տողանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։