Տնտեսություն

Ներսես Երիցյանը նպատակահարմար չի համարում հիփոթեքային վարկի կանխավճարի չափի նվազեցումը

2 րոպեի ընթերցում

Ներսես Երիցյանը նպատակահարմար չի համարում հիփոթեքային վարկի կանխավճարի չափի նվազեցումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձել է հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերելու կանխավճարի չափը նվազեցնելու հնարավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ներսես Երիցյանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին, որպես օրինակ բերեց զարգացած երկրների փորձը, որտեղ ոչ թե նվազեցնում են կանխավճարը, այլ ստեղծում ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որպեսզի մարդը մեկ տարվա ընթացքում խնայողություններ անի, ճշգրտի իր եկամուտները և նոր միայն դիմի վարկի համար: «Վարկը վերցնելու համար մարդկանց մոտ սա պետք է դառնա նորմալ վարքագիծ: Կանխավճարի իմաստը հենց դա է: Պարզապես կանխավճարի մեր ընկալումն է այլ: Մեզ մոտ ընկալումն այն է, որ մեկը պետք է մի տեղից փող գտնի, այդ 30 տոկոս կանխավճարը տա, որ բանկը վարկ տրամադրի»,- ասաց Երիցյանը:

Նա մանրամասնեց, որ այդ 30 տոկոս կանխավճարը այն ցուցիչն է, թե որքան է վարկառուն կրում ռիսկը հիփոթեքային վարկը մարելու 10 տարիների ընթացքում: «Տան գինը կարող է փոփոխվել, տոկոսադրույքները կարող են փոխվել, ուստի խնայողության ունակությունը հենց հիփոթեքային վարկ վերցնելու հիմքն է: Հակառակը՝ ես կարծում եմ, որ մենք պետք է այնպես անենք, որ այդ 30 կամ 20 տոկոս կանխավճարը լինի մարդկանց խնայողության արդյունքը, որպեսզի վարկը հետագայում մեր քաղաքացիների համար բեռ չդառնա»,- ընդգծեց Ներսես Երիցյանը:

Նա հավելեց, որ այս առումով քաղաքացիների, սպառողների հետ աշխատելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ Կենտրոնական բանկը ծրագիր ունի և քայլ առ քայլ առաջ է գնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում