Սուրենը Եվրոպա է տանում Հայաստանի վառ գույները. Սլովակիայում բացվեց երիտասարդ նկարչի ցուցահանդեսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդամենը ամիսներ առաջ Սլովակիա մեկնած երիտասարդ հայ արվեստագետ Սուրեն Մեսրոպյանն արդեն հասցրել է հանդես գալ սեփական նկարների ցուցահանդեսով։ Մոտ 45 նկարները կցուցադրվեն Բրատիսլավայի սրտում գտնվող CT GALLERY սրահում հունվարի 29-ից մինչև փետրվարի 27-ը։ «Կյանքի գույները» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին թե արվեստի ներկայացուցիչներ, թե ուղղակի արվեստասերներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպիչ և համակարգող Կրիստինա Կլեիներտովային և բոլոր ներկաներին՝ Սուրեն Մեսրոպյանը նշեց, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որի նպատակն է «Եվրոպա բերել Հայաստանի վառ գույները»։

Հարցին, թե ինչ է արվեստը, նկարչությունը իր համար և արվեստում հաջողության հասնելու առումով ինչպիսին է Սլովակիան Հայաստանի հետ համեմատությամբ, Սուրեն Մեսրոպյանը պատասխանեց. «Արվեստը՝ մասնավորապես նկարչությունը, ինձ համար առաջին հերթին կենսակերպ է, նաև ինչ-որ առումով պատկերացումներն ու ընկալումներն արտահայտելու միջոց»։

Նա հավելեց, որ Սլովակիայի և Հայաստանի միջև բազմաթիվ նմանություններ կան։ «Սլովակիան իր տարածքով Հայաստանից մի փոքր է մեծ և գուցե դա է պատճառը, որ այստեղ մարդիկ նույնպես շատ մարդամոտ են և հյուրընկալ»,-ասաց նա։ Իսկ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Սլովակիայում զբաղվել միայն արվեստով և հոգալ ընտանիքի ծախսերը, Սուրենը պատասխանեց, որ արվեստով գումար վաստակելու խնդիրը գոյություն ունի ամենուրեք, սակայն չցանկացավ համեմատել երկու երկրները, այլ պարզապես նշեց, որ նկարչի համար գումար վաստակելը երբեք առաջնային չէ։ Սուրենը պատրաստվում է վերադառնալ Հայաստան, քանի որ շատ է կապված իր հայրենիքին։ «Մարդկանց համար և մասնավորապես արվեստագետի համար շրջագայությունը ուղղակի օգնում է ընդլայնել աշխարհընկալումը, այն կատարելագործվելու միջոց է», - ասաց նա, վստահեցնելով, որ շատ շուտով կվերադառնա իր գույներով կյանք տվող Երևան։
