Տնտեսություն

Մեղրի և Ագարակ համայնքները շուտով գազ կստանան

2 րոպեի ընթերցում

Մեղրի և Ագարակ համայնքները շուտով գազ կստանան

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակներում ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,այս փուլում ընթանում է կառուցված գազի բաշխման ցանցի շահագործման թույլտվության ստացման և սպառողների՝ ցանցին միացման գործընթացը։

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այն վերսկսվեց անցած տարվա վերջին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում