ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները շեշտել են Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի խորհրդի եզրակացության մեջ, որն առնչվում է Արևելյան գործընկերությանը:
«Խորհուրդն ընդգծում է Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացիայի համար անհրաժեշտ որոշումների ընդունման կարևորությունը»,- ասված է փաստաթղթում: Եվրոպացի նախարարները նաև ընդգծել են, որ սպասում են «անհրաժեշտ ժամկետներում Հայաստանի հետ վիզային հարցերով երկխոսություն սկսելու հնարավորության»:
ԵՄ խորհուրդն արդեն իսկ Եվրոպական հանձնաժողովին տրամադրել է Վրաստանի և Ուկրաինայի հետ կարճաժամկետ վիզաների վերացման շուրջ բանակցություններ վարելու մանդատը: Ավելի վաղ նման մանդատ արդեն իսկ տրամադրել էր Եվրոպական խորհրդարանը: