Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտին որակյալ մասնագետներով ապահովելու համար մշակվել են կրթական չափորոշիչներ

3 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտին որակյալ մասնագետներով ապահովելու համար մշակվել են կրթական չափորոշիչներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործում է զբոսաշրջության ոլորտի մասնագետներ պատրաստող 5 ուսումնական հաստատություն: Սրանք պահանջված հաստատություններ են և դիմորդի պակաս երբևէ չեն ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը:

«Երիտասարդների շրջանում միշտ էլ զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն է եղել: Այդ ոլորտի մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունները դիմորդի խնդիր չունեն, նույնիսկ վճարովի համակարգով դիմորդների պակաս չի զգացվում: Մասնագետներ պատրաստվում են, սակայն արված աշխատանքը բավարար չէ, դեռ շատ անելիք կա»,-ասաց Արտակ Աղբալյանը:

Զբոսաշրջության ոլորտն որակյալ մասնագետներով ապահովելու համար մշակվել են կրթական չափորոշիչներ: Արտակ Աղբալյանը տեղեկացրեց, որ դրանց մշակման գործում անմիջական մասնակցություն են ունեցել հենց այդ ոլորտի գործատուները:

«Այդ չափորոշիչները ենթադրում են հետևյալը, ուսուցումը պետք է անցկացվի գործնականի վրա հիմնված: Սովորողը պետք է անմիջական շփման մեջ լինի հյուրանոցի, ռեստորանի և զբոսաշրջության ոլորտի այլ հաստատությունների հետ: Ասենք, 3 օր անցկացվի տեսական, 3 օր` գործնական դասընթաց: Այս մոտեցումը հնարավորություն կտա, որ դասընթացներն ավարտած անձինք լինեն շուկայի պահանջներին համապատասխան պատրաստված»,- ասաց Արտակ Աղբալյանը:

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ նշեց, որ առաջնային պետք է լինի ոչ միայն կադրերի պատրաստումը:

«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք, թե ովքեր են սովորեցնողները: Եթե անհրաժեշտ է՝ իրենց համար նույնպես վերապատրաստման դասընթացներ անցկացնենք: Կյանքը փոխվում է, և չի կարելի երեկվա մոտեցումներով սովորեցնել»,- ասաց Ռոբերտ Մինասյանը:

Ռոբերտ Մինասյանը առանձնացրեց նաև տուրմենեջերների խնդիրը: Ըստ նրա` օտար լեզու իմացողը դեռ տուրմենեջեր չէ: Այստեղ նույնպես պետք է աշխատանք տարվի, եթե անհրաժեշտ է՝ օրենքով սահմանափակումներ մտցվի:

Ռոբերտ Մինասյանն ընդգծեց, որ ամեն ոք Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի:

Ռոբերտ Մինասյանի խոսքով՝ աշխարհում զբոսաշրջիկների թիվն անցնում 1 մլրդ-ից, յուրաքանչյուր զբոսաշրջիկ 5-7 օրվա ընթացքում ծախսում է 700-1000 դոլար: «Եվ եթե կարողանանք դրա փոքր տոկոսն էլ ուղղորդել դեպի Հայաստան, ապա մեր երկրի տուրիզմը լուրջ զարգացում կապրի»,- հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում