ՀՀ վարչապետը խոստանում է խաղի հավասար կանոններ ապահովել գործարարների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է պայքարել արհեստական մենաշնորհների դեմ և խաղի հավասար կանոններ ապահովել բոլորի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց՝ եթե կլինեն հաջողակ բիզնեսմեններ, որևէ մեկը նրանց չի խոչընդոտելու:
«Կլինեն հավասար կանոններ: Երկրի փոքրությունը միշտ բերելու է նրան, որ որևէ ոլորտում լինելու է խոշոր խաղացող, այլ հարց է՝ նա արդար մրցակցության արդյունքում է դրան հասնելու, թե ադմինիստրատիվ միջոցներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը՝ համաձայնելով դիտարկման հետ, որ մինչ այս պահը խաղի այլ կանոններ են գործել:
Վարչապետը հերքեց խոսակցություններն այն մասին, թե չի ցանկանում աշխատել դաշնակցական նախարարների և հատկապես` Դավիթ Լոքյանի հետ: «Ոչ, դա ճիշտ չէ: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է, թե նա զարգացման ինչ տեսլական ունի իր ոլորտում, քան թե որ կուսակցության անդամ է»,- պատասխանեղց Կարապետյանը:
Գործադիրի ղեկավարը հաստատեց, որ կլինեն մարդիկ, ովքեր լքելու են կառավարությունը, սակայն հրաժարվեց անուններ տալ: