Մշակույթ

Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար. Վահրամ Զարյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար. Վահրամ Զարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:Փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարյանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արվեստ է, որը պետք է հուզի հանդիսատեսին:

-Ի՞նչը գրավեց մնջախաղում, որ ընտրեցիք այդ ճանապարհը:

-Ընտրություն եմ կատարել հոգով և սրտով: Առաջին թատերական շոկը ստացա փոքր հասակում, երբ հեռուստացույցով տեսա Մարսել Մարսոյին, Լեոնիդ Ենգիբարյանին, Սլավա Պոլյունինին: Նրանց համարները դիտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում և զբաղվել մնջախաղով:

-Հայաստանում կրթություն ստանալուց հետո Ձեր հմտությունները կատարելագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:

-Սովորել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի ղեկավարած կուրսում: Արդեն երկրորդ կուրսից հետաքրքրությունս խոսուն շարժումն էր, էքսպերիմենտալ թատրոնը: Որպես հանդիսատես սկսեցի այցելել Երևանի պետական մնջախաղի թատրոն, ծանոթացա դերասանուհի Անուշ Ստեփանյանի, թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: Ռեժիսոր Յուրա Կոստանյանի և Ժիրայր Դադասյանի շնորհիվ ֆիզիկապես առնչվեցի մնջախաղին: Ժիրայր Դադասյանի հետ անդրադարձել ենք մնջախաղի տեխնիկաներին, ժանրերին: Նախքան Ֆրանսիա մեկնելը հայ վարպետների միջոցով ծանոթացա մնաջաղի պատմությանը և նրբություններին: Այդ ամենը մեծ դեր է կատարել իմ կայացման գործում:

Ֆրանսիայում բախտ եմ ունեցել սովորել աշխարհահռչակ վարպետ Մարսել Մարսոյի միմոդրամայի միջազգային դպրոցում: Մարսել Մարսոյի ուսանողների հետ խումբ ստեղծեցինք և 3-ից ավելի ներկայացումներով շրջագայեցինք: Արդեն 7 տարի է, ինչ Ֆրանսիայում ունեմ իմ թատերախումբը՝ «Վահրամ Զարյան քոմփանին»: Թատերախմբի միջոցով կարողանում եմ իրականացնել իմ գաղափարներն ու մտահաղացումները: Ասելիքս բերեց խմբի ստեղծմանը: Խմբի անդամների հետ նախկինում նույնպես համագործակցել եմ, այդ իսկ պատճառով ոչ միայն ստեղծագործական, այլև ադմինիստրատիվ հարցերում կարողանում ենք համատեղ աշխատել:

-Արդեն երկրորդ անգամ եք մասնակցում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին: Կխոսե՞ք ձեր տպավորությունների մասին:

-Դրական տպավորություններ եմ ստացել առաջին անգամվա մասնակցությունից, այդ իսկ պատճառով կրկին այստեղ եմ: Փառատոնը փորձի փոխանակման համար հիանալի հարթակ է: Այն ընդլայնել է իր աշխարհագրությունը, մեծացել է մասնակիցների թիվը: Դա խոսում է փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Ինձ համար շատ հաճելի է մասնակցել փառատոնին. ես ինձ տանն եմ զգում:

-Հայաստանում ի՞նչն է պակասում մնջախաղի զարգացման համար, և ի՞նչ խնդիրներ կան այս դաշտում:

-Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար: Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում: Կարծում եմ՝ այս թատրոնի առաքելությունը մնջախաղի միջոցով հայկական ստիլիստիկան ներկայացնելն է: Ընտրվում են հայկական միջնադարյան թեմաներ, դինամիկ ժեստեր և շարժումներ, որոնք համապատասխանում են մեր հոգեվիճակին, պատմությանը: Ստեղծվել է հայկական մնջախաղի դպրոց, որով անհրաժեշտ է պարծենալ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

-Սեպտեմբերի 1-ից նոր «Օբլիկա» վերնագրով ներկայացման փորձերն ենք սկսելու: Համագործակցում ենք «Ensemble Rodier» ժամանակակից երաժիշտների անսամբլի հետ: Այն ներկայացնում է կենդանի ժամանակակից երաժշտություն: Բեմադրությունը ոչ միայն բեմում, այլև թանգարաններում է ներկայացվելու: Ներկայացման համար հատուկ գրվել է երաժշտություն: Մեծ հույսեր ունեմ փառատոնի շրջանակներից դուրս նաև ապագայում ներկայացումներով հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում