Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիան ոչնչացնում է ոչ մահմեդական հոգևոր կառույցները

4 րոպեի ընթերցում

Թուրքիան ոչնչացնում է ոչ մահմեդական հոգևոր կառույցները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր թաղամասը մոտ երկու ամիս առաջ ենթարկվել է ռմբակոծության, ինչի արդյունքում ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ: Ավելի ուշ՝ մարտի 25-ին, Թուրքիան որոշեց պետականացնել մի շարք ոչ մուսուլմանական հոգևոր կառույցներ: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանն այն կարծիքին է, որ այս դեպքերը թուրք-քրդական լարված հարաբերությունների արդյունք են: «Քրդական ազատգրական շարժումը ամբողջապես ներկայացվում է իբրև ահաբեկչական, և դրանից ելնելով՝ Թուրքիայի վարչակարգը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ փորձում է ճնշել այն բռնությունների, կոտորածների ու ավերածությունների ճանապարհով»,- ասաց Մելիքյանը:

Սուր թաղամասը ռմբակոծվեց փետրվարի 6-ին. արդյունքում վնասվեցին քաղդեական, բողոքական, կաթոլիկ ու հայ առաքելական բազմաթիվ եկեղեցիներ: Դրան հաջորդեց Դիարբեքիրի՝ 6300 հոգևոր և այլ կառույցների պետականացումը: «Ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցները դառնում են Թուրքիայի պետական սեփականությունը, մինչդեռ եկեղեցական հաստատությունները տվյալ համայնքների սեփականությունն են, որ գտնվում են Թուրքիայի պետական վերահսկողութայն ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում հայտնել է Մելիքյանը: Մասնավորապես վնասվել են Սբ Կիրակոս և Սբ Սարգիս եկեղեցիները:

«Մոտ օրերս «Արևմտահայերի միջազգային համագումար» կազմակերպությունը հանդես կգա դատապարտող հայտարարությամբ, որովհետև բանակցային երկխոսությունը թուրքական, քրդական և հայկական քաղաքացիական հասարակությունների միջև լրջորեն վտանգվում է: Իր այս քաղաքականությամբ Թուրքիան հանդես է գալիս որպես Օսմանյան կայսրության լիիրավ ժառանգորդ»,- նշեց բանախոսը: Վահան Մելիքյանը նաև ավելացրեց, որ տարբեր երկրների քաղաքական ուժեր բազմիցս մեղադրել են Թուրքիային ԻՊ-ն ֆինանասավորելու մեջ: «Եթե ուշադիր հետևենք այս իրադարձություններին, ապա կնկատենք նույն ձեռագիրը: Ստացվում է, որ, այսպես կոչված, քրդական ահաբեկչական շարժման դեմ պայքարելու պատրվակով թուրքերը ոչնչացնում են ոչ մահմեդական պատմամշակութային և հոգևոր արժեք ունեցող շինությունները»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանն իր հերթին նշեց, որ կատարվող իրադարձությունները նաև Պոլսո հայոց պատրիարքարանի անգործության արդյունքն են. չկա ոչ մի արձագանք կամ քննադատող ելույթ: «Եկեղեցին չի պատկանում ոչ թուրքական իշխանություններին, ոչ էլ կառավարությանը: Դա հայերի սեփականությունն է, որ պատկանում է Պոլսո հայոց պատրիարքարանին»,- հավելեց պատգամավորը:

Նա նշեց, որ Սբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է 2012 թվականին: Ներդրվել են մեծ գումարներ. մոտ 2 մլն դոլար հատկացրել էին ծնունդով նախկին դիարբեքիրցի հայերը, մոտ 1 մլն լիրա էլ ծախսել է քաղաքապետարանը: «Եկեղեցին պետք է դառնար հայերի սեփականությունը, այնտեղ կառուցվելու էր դպրոց, թանգարան, մշակույթի տուն, բայց Թուրքիան կրկին ապացուցեց, որ 100 տարվա մեջ ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց Ախոյանը: Նրա խոսքով, «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպությունն ունի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թուրքական կառավարության շուրջ 130 որոշումներ, որոնք կատարվել են Սահմանադրության կոպիտ խախտումներով:

«Անկարայում՝ հենց դատարանում, դատապարտող ելույթներ են հնչելու մեր ընկերների ու համախոհների կողմից: Թուրքիան կզգա նաև մամուլի բացասական արձագանքը և առաջադեմ քաղաքացիական հասարակության քննադատական տեսակետները»,- վստահեցրեց Ախոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում