ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` մարտի 11-ին, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը: Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական քննարկման համար մարտի 14-17-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայաստանյան այցին ընդառաջ քաղաքական դաշտը քննարկում է «Ընտրական օրենսգրքի» նախագծի դրական բացասական կողմերը: Նախագծի վերաբերյալ պատրաստվում է իր դիտարկումները ներկայացնել ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունն էլ կազմակերպում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեվիսը և այլք:
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության և ռուս-թուրքական էլ ավելի սրվող հակամարտության հնարավոր հետևանքները: Թեմայի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Տարածաշրջանային թեման կշարունակվի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գրքի քննարկմամբ: Գիրքը վերաբերում է հայերի ցեղասպանությանը քրդերի մասնակցությանը, Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում քրդական գործոնին:
Այսօր պատրաստվում է լրագրողներին հանդիպել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:
Մշակութային անցուդարձից: Այսօր կայանլու է արձակագիր Ռուբեն Մարուխյանի «Հատընտիր» գրքի շնորհանդեսը: Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդես: Կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի նաև Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում: