ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն քաղաքների ցանկը, որոնք ընդունելու են Եվրոպայի 2016 թվականի առաջնությունները:
Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2016 թվականի ամռանը կուղևորվի Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Հանդիպումները կկայանան մայրաքաղաք Քիշինևում: Ժամկետները դեռ հստակեցվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանը, կկայանա Հունաստանի Հալկիդա քաղաքում: Երիտասարդ բասկետբոլիստները կմրցեն հուլիսի 15-ից 24-ը:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2016 թվականի հուլիսին կմեկնի Կիպրոս, որտեղ կկայանա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հանդիպումները կկայանան Նիկոսիայում և Լիմասոլում: Ժամկետները դեռ հստակեցվում են:
Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի հուլիսին կուղևորվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ կկայանա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Ժամկետները դեռ հստակեցվում են:
Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը կկայանա 2016 թվականի հունվարի 22-ին: