ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 902 մլն դրամ՝ 2015 թվականի նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասների հետևանքները վերացնելու նպատակով:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որհանձնարարել է մարզպետներին՝ ավելի կոնկրետ ուսումնասիրել վնասները և արդյունքները ներկայացնել կառավարություն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին խնդրին առնչվող բոլոր գերատեսչությունների ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա՝ աշխատանքներն արագ կազմակերպելու համար: «Որովհետև ինքս ականատես եմ եղել Արագածատոնի մարզում և տեսել, որ կան դպրոցներ, բնակելի շենքեր, որոնց տանիքները լիովին չկան: Իմ կարծիքով, պետք է այս նախագծով նաև առաջարկվի, որ թույլտվություն տանք մի աղբյուրից գնումները կատարել, որպեսզի կարողանան արագ շինարարություն իրականացնել: Եթե գնան մրցութային ընթացակարգով, 2 ամսում մրցույթ անցկացվի…անիմաստ կլինի: Բայց այստեղ, ես տեսնում եմ և իմ մտահոգությունն է, որ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Մնք Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց նաև դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով և արագ՝ 2-3 օրվա ընթացքում, ունենալ աշխատանքային խմբեր, լինել մարզերում, համայնքներում, ճշտել թվերը ու դրան զուգահեռ շինաշխատանքներն իրականացնել:
Վարչապետը ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ ներկայացված անհրաժեշտ գումարն իրականությանը չի համապատասխանում, ավելին է ներկայացված, քան իրականում պետք է այդ հետևանքները վերացնելու համար: