Փաստ մեկնաբանությամբ

ՄԻԵԴ-ը պետք է հաշվի առներ Փերինչեքի անձն ու Հայոց ցեղասպանությունը հերքելու դրդապատճառը

3 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը պետք է հաշվի առներ Փերինչեքի անձն ու Հայոց ցեղասպանությունը հերքելու դրդապատճառը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավված էր որպես երրորդ կողմ եւ դատարանը մեր երկրի` որպես երրորդ կողմի ներկայացրած պահանջները բավարարել է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը շեշտում է, որ դա հաղթանակ չէ, քանի որ ըստ ընթացակարգի, երրորդ կողմը կարող է որոշակի հարցեր եւ պահանջներ դնել: «ՀՀ-ն ներգրավվեց որպես երրորդ կողմ, որովհետեւ ՄԻԵԴ վճռում առկա էին ձեւակերպումներ, որ մեզ համար ընդունելի չէին: Դրանք ուղղակի ձեւակերպումներով կասկածի տակ էին առնում Հայոց ցեղասպանությունը, եւ չարդարացված համեմատություն էր արվում Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ: Մեզ համար խնդրահարույց էրայն, որ ՄԻԵԴ ստորին պալատի վճռում նշված էր, «որ օբյեկտիվ ճշմարտության հավակնող որեւէ հետազոտություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ չկա»: Սա չէր կարող ընդունելի լինել»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ երբ ՀՀ-ն ներգրավվեց որպես գործով երրորդ կողմ, ստացավ համապատասխան ուղենիշներ, եւ դրա շուրջ էլ ներկայացվեցին երորրդ կողմի դիրքորոշումներ:

Ըստ Թաթոյանի, կարեւոր էր այն ձեւակերպումը, որտեղ դատարանը վճռում է, որ հայերն ունեն իրենց նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք: «Սա կարեւոր ձեւակերպում է: Մեծ պալատն ասաց մի բան, որ չէր ասել նախկինում, այն, որ հայերն ունեն նախնիների արժանապատվությունը, էթնիկ ինքնությունը պաշտպանելու իրավունք: Այսինքն` յուրաքանչյուրս կարող ենք պահանջատեր լինել, սա նորույթ է»,- ասաց Թաթոյանը:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի, այդ ձեւակերպումը շատ կարեւոր էր, եւ այն կարող է սառեցնող ազդեցություն ունենալ ցեղասպանության ժխտումը հերքելու հարցում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, հարցը ոչ թե այն է, որ ՄԻԵԴ մեծ պալատը վճռում ձեւակերպումների փոփոխություններ է կատարել, այլ այն, որ Եվրոպական դատարանը վճիռն ընդհանուր առմամբ թողել է նույնը եւ Փերինչեքը հաղթել է Շվեյցարիային:

«Մեղմացումները ոչինչ չեն նշանակում, քանի որ Փերինչեքը պատահական մարդ չէր եւ հատուկ էր գնացել Շվեյցարիա անարգելու մեր ողբերգությունը եւ դատարանը դա հաշվի չառավ»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ, ՄԻԵԴ-ը պետք է խորութամբ ուսումնասիրեր Փերինչեքի անցած ճանապարհը, այն ազգայնական գործունեությունը, որ նա ծավալում է իր երկրում: «Եվրոպական դատարանը պետք է խորութամբ ուսումնասիրեր Փերինչեքի անցած ճանապարը: Նա «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավարն է, որը շովինիստական գաղափարներ է տարածում: Փերինչեքը ռասիստ է, եւ դատարանը պետք է Փերինչեքի անձն ու դրդապաճառը ուսումնասիրեր, ինչը թույլ կերպով է արել»,- ասաց Ղազարյանը:

Հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում