Փաստ մեկնաբանությամբ

«Շանթ-2015» զորավարժությունները ցույց տվեցին կառավարական օղակների պատրաստվածությունը. Ռուբեն Աղուզումցյան

2 րոպեի ընթերցում

«Շանթ-2015» զորավարժությունները ցույց տվեցին կառավարական օղակների պատրաստվածությունը. Ռուբեն Աղուզումցյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը հնարավորություն էր տեսնելու, թե ինչ թույլ կողմերը ու բացթողումներ կան կառավարման օղակներում: Նման կարծիք սեպտեմբերի 11 –ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:

«Ռազմավարական զորավարժության նպատակը կառավարական համակարգի ստուգումն էր: Ստուգվեց մեր պետության ամենակարևոր կառավարման օղակը: Պարզ դարձավ, որ այն պատերազմական իրավիճակների համար պատրաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց հոգեբանը:

Աղուզումցյանի կարծիքով` զորավարժության ժամանակ ստուգվում են նաև լրատվամիտջոցները, որովհետև դրանց պատրաստականությունից, տեղեկատվության մատուցման ձևից, լրագրողների որակից կախված է, թե ինչպիսին կլինի բնակչության հոգեբանական վիճակը: Դա էլ իր հերթին կարող է ազդել մարդու գիտակցականի վրա` բերելով նրան, որ մարդը չկարողանա կառավարել իր վարքը և սկսի շարժվել ենթագիտակցորեն կամ բնազդներով:

«Ավելի հեշտ է խուճապ առաջացնել մի քանի հարյուր մարդու մոտ, քան մի քանիսի: Խուճապների ժամանակ ավելի շատ մարդիկ են տուժում, վնասներ կրում, քան ոչ խուճապային իրավիճակներում: Որպեսզի խուճապ չլինի և բնակչությունն ավելի պատրաստված լինի, ռազմական վարժանքներն անհրաժեշտ են»,- հավելեց նա:

Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում