Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևն Արևմուտքի պատասխանն է մարդու իրավունքները ոտնահարող այդ երկրին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևն Արևմուտքի պատասխանն է մարդու իրավունքները ոտնահարող այդ երկրին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների և այլ բնագավառներում խախտումների նկատմամբ Արևմուտքի արձագանքն է: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` ափսոսանք հայտնելով, որ չի ընդունվել բանաձևի առաջին տարբերակը, որը բավականին կոշտ է եղել: «Ցավոք սրտի պետք է նշեմ, որ բանաձևի առաջին տարբերակն իր մեջ ներառում էր անհամեմատ կոշտ պայմաններ, այդ թվում` պատժամիջոցների մասին էր խոսք գնում, բայց վերջնական փաստաթուղթն անհամեմատ ավելի մեղմ էր Ադրբեջանի համար: Կոնկրետ այս բանաձևն Արևմուտքի` ԵՄ-ի, ԱՄՆ-ի վերջին շրջանի խստացված վերաբերմունքն է`

կապված Ադրբեջանում ներքաղաքական ու հասարակական իրավիճակի հետ: Մարդու իրավունքների խախտումները էական են, և որքան էլ Եվրոպան շահեր ունի, չի կարող դրանց նկատմամբ իր վերաբերմունքը չցուցաբերել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց քաղաքագետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նմանատիպ որոշումներ հետագայում ևս հնարավոր են` Սերգեյ Մինասյանն ասաց, որ Ալիևի կողմից ներկայիս քաղաքականության շարունակության դեպքում, այո: «Տպավորություն է ստեղծվում, որ ինչքան նավթի ու գազի ծավալներից ստացվող գումարները պակասում են, Ալիևն ու իր վարչակազմը խստացնում են իրավիճակը երկրի ներսում: Ես կարծում եմ, որ համապատասխան վերաբերմունքը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից կշարունակվի»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձեւ է ընդունել: Դրա մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում: Բանաձեւի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը: Բանաձեւում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:

Բանաձեւի 17-րդ հոդվածում նշվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ (նաեւ վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը: Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում