Փաստ մեկնաբանությամբ

Թուրքագետը չի բացառում, որ անվտանգության խնդիրների պատրվակով Թուրքիայում կհետաձգվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները

3 րոպեի ընթերցում

 Թուրքագետը չի բացառում, որ անվտանգության խնդիրների պատրվակով Թուրքիայում կհետաձգվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տիրող իրավիճակը ճգնաժամային եւ քաոսային է, եւ դրա ամենամեծ մեղավորը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնություններն են: Նրա ցանկությունը` երկրում ստեղծել նախագահական միանձնյա համակարգ, բերեց մի իրավիճակի, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրակ են բացում երկրի քաղաքացիների վրա: Գնահատականը թուրքագետ Հակոբ Չաքրյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թուրքագետը չի բացառում, որ նոյեմբերին էլ նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չեն ունենա, եւ Էրդողանը կհայտարարի, որ երկրում ստեղծված քաոսային իրավիճակից ելնելով նպատակահարմար չի համարում ընտրության անցկացումը:

«Բնականաբար, դա ձեռնտու կլինի միայն Էրդողանի կուսակցությանը, քանի որ ժամանակի ընթացքում Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թուլացնում է իր դիրքերը: Անցկացված հարցախույզերը փաստում են, որ Էրդողանը զիջում է իր դիրքերը»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ միջազգային ասպարեզում էլ Թուրքիայի դերակատարությունը մեծ չէ:

«Հատկապես Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ փոխվեց: Թուրքիան ցանկանում էր Մերձավոր Արեւելքում լինել գլխավոր դերակատար, սակայն այսօր նա դերակատար չէ անգամ տարածաշրջանում»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ Մերձավոր Արեւելքի ավելի քան 7 պետության հետ Թուրքիան լեզվակռվի մեջ է եւ չունի դիվանագիտական հարաբերություն: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չկարողացավ կառավարություն կազմել եւ չկարողացավ կուսակցությունների հետ կոալիցիոն պայմանագիր կնքել: Դրա արդյունքում Թուրքիայում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, որը կգործի մինչեւ նոյեմբերի 1-ը: Հենց այդ օրը երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետականկուսակցությունը (ԺՀԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը,իսկ քրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորականմանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ: Գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել էրընտրազանգվածի 83,92 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում