Տնտեսություն

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում

3 րոպեի ընթերցում

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների (գործատուների) միության` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը` չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Միությունը կոչ է անում չհարմարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ և չկոմպենսացնել նրա ֆինանսական «կորուստները» սեփական բնակչության և սեփական արտադրողի հաշվին: «Այսօր, սակայն. իրավիճակը էապես բարդանում է ներքին սպառման և արտահանման ծավալների (հետևաբար ազգաբնակչության եկամուտների) կտրուկ նվազմամբ: Այս պայմաններում պետք է հասկանալ, թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրներում, ինչի հաշվին ենք բարձրացնելու մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունը այդ նույն շուկայում: Մեկ անգամ ևս պնդում ենք, որ քանի դեռ ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կողմից չի գիտակցվել երկրի էներգահամակարգի կառավարման լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունը, չի հստակեցվել «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերության հետ տնտեսաիրավական հարաբերությունների դաշտը,ինքնարժեքի առանձին հոդվածների մասով չեն կիրառվել որոշակի նորմատիվային սահմանափակումներ, իրավիճակի հետագա վատթարացումը ոլորտում լինելու է անխուսափելի:

Գիտակցելով հարցի թե տնտեսական և թե սոցիալական լրջագույն հետևանքները` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը, չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը: Իր կողմից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությանը պատրաստ է կառավարությանը ցույց տալ հնարավոր աջակցություն»,-նշված է միության հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում