Խաչատրյանի անվան տրիոն եվրոպական բեմերը ողողել է ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի անվան տրիոն ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ է ունեցել Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում:«Արմենպրես»-ի հետ զրույցում Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ համերգային շրջագայությունը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության և ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
«Շրջագայության գլխավոր համերգը տեղի է ունեցել Լոնդոնում: Ապրիլի 13-ին հանդես ենք եկել Լոնդոնի ամենահեղինակավոր սրահներից մեկում՝ Queen Elizabeth Hall-ի Purcell Room-ում: Ծրագրում ընդգրկված են եղել հայ կոմպոզիտորների՝ Բաբաջանյանի, Միրզոյանի, Կոմիտասի, Խաչատրյանի, ինչպես նաև Ռախմանինովի ստեղծագործությունները: Համերգի ժամանակ մեզ միացել են երեք հրաշալի երաժիշտներ՝ Քլիֆթոն Հարիսոնը (ալտ ), Ռոզմարի Թեյլորը (կլարնետ) և Սեմ Փիրսը (գալարափող): Հուրախություն մեզ՝ սրահը լեփ-լեցուն էր, իսկ դահլիճում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին՝ հիմնականում անգլիացիներ: Համերգին ներկա էին նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը»,-նշեց Արմինե Գրիգորյանը:
Դաշնակահարուհին փաստում է՝ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել համերգը:
«Նմանատիպ համերգ էր կազմակերպվել Գերմանիայում՝ Մյունխեն քաղաքում ապրիլի 15-ին, ինչպես նաև մինչ այդ հանդես ենք եկել Քյոլնում: Ծրագրերն ամեն տեղ տարբեր են եղել: Մյունխենում, օրինակ, Տիգրան Մանսուրյանի գործերից ենք հնչեցրել. կազմակերպիչների ցանկությունն էր»,-հավելեց նա:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ֆեսյբուքյան էջում համերգների մասնակիցները դրական արձագանքներ են թողել համերգների առթիվ, ինչը ևս պակաս կարևոր չէ:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: